пятница, 25 марта 2011 г.

Զբաղվեք սիրով, այլ ոչ պատերազմեք ։)

...Ինչն է խանգարում մարդկանց խաղաղ ու երջանիկ ապրելուն, ինչու են մարդիկ պատերազմում ու սպանում միմյանց։ Ինչու է աշխսրհում այսքան շատ պատերազմն ու սպանդը, չարն ու անմարդկայինը։ Գուցե ինձ փորձեն համոզել, որ պատերազմում են ոչ թե անհատ մարդիկ, այլ` պետությունները։ Բայց չէ որ պետություն կոչվածն էլ մարդն է, և մարդն է պետության քաղաքականությունը վարողը։ Ուրեմն ինչու պատերազմել, ինչու սպանել, ինչու ոչնչացնել։ Ես հասկանում եմ, թե ինչ է նշանակում պետության շահ կամ իշխանատենչություն, հզոր լինել կամ գերտերություն համարվել, աշխսրհի տիրակալ դառնալ կամ իշխել փոքր ժողովուրդների վրա։ Սակայն ես հրաժարվում եմ դա հասկանալ, ես դա չեմ կարող ընդունել, ես այդ ամենը մերժում եմ, եթե դա պետք է կատարվի արյուն հեղելով, ոճրագործության միջոցով, մարդկային կյանք զոհելով։ Ես դատապարտում եմ այն ամենը, ինչ կարող է սպառնալ Աստծու տված շնորհին` մարդկային կյանքին։ Ոչինչ չպետք է խաթարի ու ընդհատի այն, ամեն ոք իրավունք ունի ապրելու իր համար նախասահմանված կյանքի հատվածը։ Պետք է մարդկանց գիտակցությանը հասցնել միայն մեկ բան, այն է` կյանքը հիասքանչ  է, և պետք է այն ավելի գեղեցիկ ապրել։ Այ, եթե դա հասկանային բոլոր-բոլոր մարդիկ և սիրեին միմյանց, ամեն ինչ խաղաղ ու հրաշալի կլիներ։ 
Ես տեսել եմ պատերազմի սահմռկեցուցիչ դեմքը, տեսել եմ ադրբեջանահայերի գաղթի քարավանը, որ ձգվել էր մեր գյուղի գյուղամիջյան ճանապարհին։ Ոտքերիս թաթերի վրա ձգվելով` ես փորձում էի մեր տան փոքրիկ պատուհանից դուրս նայել և հասկանալ, թե ինչ է կատարվում այն դրսի աշխարհում և չէի հասկանում։  
Ինչու... Ինչն է խանգարում մարդկանց ապրել, ապրել ու վայելել առավոտի լույսը։ Ովքեր և ինչու են խաթարում այն։
...Ես կհավաքեի  բոլոր զոհված ազատամարտիկների որբ երեխաների աչքերի տխրությունը և դրանցով ծով կպատկերեի, իսկ արցունքի տեսքով նրանց աչքերից կախված կարոտը ճայեր կդարձնեի, որ թափառում են տխրության այն անհատակ ծովի վրա և երբեք տեղ չեն հասնում։ Ես այս ամենը կցուցադրեի բռնակալներին ու տիրակալներին, ոճրագործներին ու ահաբեկիչներին։ Ես կփորձեի արթնացնել նրանց խիղճը, սասանել նրանց մարդկային զգացմունքները։ Ես կոչ կանեի միահամուռ ոչնչացնել բոլոր զենքերն ու ռումբերը, անթեղել ամեն տեսակի թշնամությունն ու վրեժխնդրությունը, չարությունն ու ահաբեկչությունը, որոնք կմարեն ու վերջնականապես կհանգչեն մարդկային խղճի արթնացման հետ միաժամանակ։ 
Կյանքը հիասքանչ է, եկեք խաղաղ ու արժանավայել ապրենք և մոռանանք ընդմիշտ պատերազմ ու թշնամություն բառերը։

Комментариев нет:

Отправить комментарий