Եվս մեկ ձմեռ ճանապարհում ենք իրարից հեռու, բայց միմյանց կողքին: Միմյանց այնքան մոտ, որ հեռավորությունից սիրտս կտոր-կտոր է լինում: Այսպես չպետք է լիներ, բայց եղավ: Հոգեվարքի մեջ գտնվող իմ զգացմունքները հիշողություն են դառնում, որովհետև, այո, մեծացել եմ: Կամ գուցե փորձում եմ հավատալ, որ ժամանակի հետ համընթաց մեծացել եմ ու հաղթահարել, համակերպվել: Ես սովորել եմ ապրել առանց քեզ: Այդպես գուցե ավելի լավ է: Մի բուռ ջերմ հիշողություններ ունեմ քեզնից: Որ հիշելիս աչքերիս առաջ մեր ժամանակն է հայտնվում` իր ցուրտ ձմեռով ու այդպես էլ չջերմացած գարունով: Ես երևի ժամանակին սխալվել եմ` առաջին ու վերջին սերեր որոշելով: Առաջին սերը, երևի, այն է, որ հիշում ես: Ես հիշում եմ քեզ, թեև դու հայտնվեցիր միջանկյալ, բայց մնացիր հավերժ: Ես երջանիկ էի, թեև մենք մեղսավոր էինք ու կատարյալ չէինք: Ես վստահ չեմ, որ դու նույնն ես զգացել կամ զգում, բայց դա ինձ, անկեղծ ասած, չի էլ հետաքրքրում: Թե իմանայի, որ մահամերձորեն կապվում եմ քեզ հետ, այսպես չէր լինի: Ես, որ առանց քեզ շնչել չէի կարողանում, մի օր արթնացա ու մտածեցի, որ գուցե չեմ կարողանում շնչել, որովհետև կողքիս ես: Ես, որ աստվածացրել էի քեզ, մի օր մտածեցի, թե գուցե սխալ են աստվածները` երկրի վրա կրկնօրինակներ իջեցնելով: Ու դարձա անհավատ: Երևի թե սխալ է, որ միմյանց կողքին մինիմալ քիչ ժամանակ անցկացրած մարդիկ մնացած մաքսիմալ ժամանակն անց են կացնում միմյանց մասին մտածելով ու կարոտելով: Սխալ է, բայց որքան էլ պայքարենք դրա դեմ, այն մեզնից ուժեղ է: Մեզ կապում են ավելին քան հիշողությունները, որոնց դեմ անզոր են մեր սուտ օրերն ու ամիսները: Տարիներն անցնում են, շրջվում են օրացույցների էջերը, բայց մի կարևոր բան չի փոխվում` ես հիշում եմ քեզ: Բայց քո թուլության լռություններին ի պատասխան ես նույնպես ստիպված եմ լռել ու սպասել, թե երբ կրկին կուժեղանաս ու կգաս: Թե անգամ էլ երբեք այդքան ուժեղ չլինես, ես չեմ դադարի հիշել քեզ: Եվ թույլ տուր սրիկայաբար այնքան եսասեր լինել` մեզ մաղթելով մեր զգացմունքների մաքրության չափ հավիտենական կապվածություն իրարից, ներիր... Ես երևի սիրում եմ քեզ, կամ էլ իմ հորինած քեզ, իմ ստեղծած քեզ, գոյություն չունեցող քեզ, իմ թյուրիմացաբար միջանկյալ, բայց փաստորեն առաջին սեր: