пятница, 21 октября 2011 г.

ԱՆՔԵԶ

 Երկար ժամանակ է չեմ գրել։ Հավանաբար մտքերիս ու գործերիս  անորոշ ու շատ լինելու պատճառով։ Այսօր ընկերներիցս մեկին  գանգատվում էի, որ ստեղծագործելու ցանկությունս անհետանում է, շտապ սիրահարվել է պետք ))), նա էլ կատակեց թե իր վրա հույս չդնեմ. նա արդեն սիրած աղջիկ ունի ))))))))) Դեհ, ինչ արած....
Ուղղակի ես արդեն զգում եմ ձմռան շունչը... այն ամենաշատն է ստիպում մտածել քո մասին, ձմռանն ամենաշատն եմ զգում քո կարիքը, հատկապես երբ ձեռքերս են սառչում։ Քո ներկա բացակայությունն ամենաշատն եմ զգում ձմռանը։ Կիսատությունս լցնում եմ տարատեսակ զանգերով, բարևներով, հանդիպումներով, որոնք ավաղ չունեն քո ջերմությունը, քո աչքերի արևները, քո տաքուկ էությունը։
Եվ եթե դու գաս, թե մթության մեջ հանկարծ մենակ զգաս, ձեռքդ մեկնիր,  իմ սեփական ձեռքերն այնտեղ վաղուց արդեն քոնն են փնտրում։ Ես կփակեմ իմ կոպերը, տաքությունը խոր աչքերիդ չկորցնեմ, ես կշոյեմ քո մեջ եղած թախիծը ողջ, բայց  քեզ փրկելու փորձ չեմ անի, կդատարկվես...


Չկա կյանք, որին չայցելի սերը, պետք է ընդառաջել նրան իր ժամանակին. ահավոր բան է ուշացած ցանկությունը։ Զգույշ, երբ փոքրիկ աղեղնավորը բախի քո դուռը, ստիպված չլինես մի մխրճված հոգի հրամցնել նրան, կամ մի քայքայված մարմին, կամ ցավագար մի սիրտ, ստիպված չլինես մի անդամալույծի աթոռ առաջարկել նրան որպես գահ։