среда, 7 сентября 2011 г.

ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ

Ահա թե ինչպիսին է հուսահատությունը. սառն է, դառն է, անտանելի միայնություն է։ Այն անհատակ անդունդ է, սառցե մռայլություն, որ գալիս է թունավորելու կյանքդ։
Այս թույնը հասել էր արդեն իմ գիտակցությանը, վախը փակել էր ճիշտ որոշման տանող բոլոր դռները։ Ասում են` եթե  քյանքում դժվարին խնդրի առաջ ես կանգնում, ապա դու անկասկած կարող ես այն լուծել, այլապես այն չէր պատահի քեզ հետ։ Ես համոզվեցի դրանում, ես այժմ հանգիստ եմ։ Հանգիստ եմ, որովհետև կայացրել եմ ճիշտ որոշում և ազնիվ եմ իմ խղճի առաջ։
Չնայած այս մի քանի օրերը կյանքիս ամենադժվարին ժամանակահատվածն են, չեմ պատրաստվում գրել դեպրեսիվ նյութեր։ Ուզում եմ հավատալ, որ վաղը բոլորովին նոր ու բարի օր է լինելու, պետք է ուրախանալ ու կիսվել երջանկությամբ։ Գոնե փորձել...Պետք է ժպիտով ապրել։ Գիտե՞ք որն է ամենակարևորը։ Որ թույլ չտաք դեպրեսիվ մտքերը ձեզ այցելեն, որովհետև նրանք շատ նման են շղթայի, մի միտքը հրում է մյուսին, հաջորդին...և նրանք սկսում են շրջանառվել ձեր մտքում և թունավորել ձեր գոյությունը։ Ամեն ինչ այնքան արագ է կատարվում, որ դու չես նկատում, թե ինչպես ընկար ծուղակը։
Հետևեք ձեր մտքերին...