понедельник, 10 сентября 2012 г.

ԽՈՇՈՐ ԱՐՑՈՒՆՔՆԵՐՈՎ ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ

Չգիտեմ այս տխուր աշխարհում  որն է լավը, որը` վատ: Ժպիտներ, արցունքներ, ծաղիկներ...զարմանալի ու հեգնոտ սերեր...
Երևի այսպես է լինում, որ վախենում ես: Քեզ զգում ես մենակ, անզոր, գլուխդ կորցնում ես ու արդեն չես հավատում ոչ ոքի, չես հավատում ինքդ քեզ, կորցնում ես քո այն սիրուն հավատը, որին դու իսկապես չպիտի աճուրդի հանես անարժան մարդկանց համար:
Երևի այդպես է լինում, որ սիրտդ սխալ է գործում, ինչպես վիրավոր մի թռչուն անիմաստ թպրտում է` վանդակից դուրս թռչելու հույսով: Իսկ ինչու՞ : Գուցե ազատ մեռնելու:
Գիտես այս ամենն ինձ հետ կապ ունի այնպես, ինչպես ծաղիկները` արցունքների: Սա իմ ամենահրաշք օրերից մեկն է: Ես արդեն առաջվա նման չեմ սարսափի այսպիսի օրերի իմ արցունքներից, քանզի ես սիրում եմ նրանց: Ոչինչ, որ մարդը տխուր է ծնվում, տխուր է ապրում և գուցե տխուր էլ կմեռնի:
Բայց արի մենք մեզ տխուր չհամարենք, պարզապես մեզ տխրեցնում են հաճախակի երջանիկ կամ դժբախտ հանդիպումները:
Ես վարդեր եմ սիրում, իսկ նա` մեխակներ, ես արցունքներ եմ սիրում, իսկ նա` հեքիաթներ: Ես չգիտեմ ով է այդ նա-ն: Նա իմ հեքիաթների ես-ն է: Հասկանու՞մ ես, նա ինձ շատ հարազատ է, կարծես թե ես լինեմ:
Տունը ցուրտ է: Պտտվող ձայնասկավառակն ավելի տաք է, քան վառվող սալիկը:
Սիրտս լալիս է, ինչ-որ մեկը երգում է վերադարձի ճանապարհի մոռացում: Ես կորցրել եմ իմ այդ ճանապարհը, իսկ մոռանալ չեմ ուզում...
Գիտե՞ս ինչքան բան կա մոռանալու: Եվ ու՞մ է պետք իմ մոռանալը, ու՞մ կխաբեմ ես դրանով, եթե ոչ ինձ միայն:
Մայրս ինձ միշտ ասում է` բանական եղիր: Իսկ դու գիտե՞ս դա ինչ է նշանակում: Դա այն է, երբ դու մատդ թողնում ես դռան արանքում, հետո սեղմում ես (չգիտակցված կամ դիտմամբ) ու գիտես, որ հիմա ձեռքդ կցավի: Իսկ եթե քեզ ծաղիկներ են նվիրում ու ոչինչ չեն ասում, դու բանական լինել չես կարող, այսինքն դու իմանալ չես կարող, թե քեզ ինչ է սպասվում հետո` ծաղիկներ, թե ապտակ:
Ներիր ինձ, իմ հեքիաթ: Կամ ես քեզ չհասկացա, կամ դու ինձ խաբեցիր: Ես ծիծաղելի դրության մեջ եմ հիմա. միաժամանակ և ծիծաղում եմ և տխուր եմ: Տխուր եմ մի արցունքոտ տխրությամբ, որ կուզեի հիմա փշրել այս անձրևոտ օրվա չար գույներում: Սիրտս մռնչում է. քեզ ով էր ասել անձրևի պես սառր ու խառը ծնվեիր... քեզ ով էր ասում գեղեցիկ հեքիաթներ հյուսեիր աշխարհի ու մարդկանց մասին, քեզ ով էր ասում խոշոր արցունքներ սիրեիր այս խղճուկ քաղաքում...
Լսի՛ր, դու կհավատա՞ս, եթե քեզ ասեն, որ ծաղիկներն էլ են ստում: Ես այսօր հավատում եմ և վախենում, որ մի օր գուցե նրանց ատեմ: Ինչեր եմ խոսում, չէ՞, բայց գիտեմ, որ դու չես զարմանում:
Ուզու՞մ ես քեզ մի գաղտնիք ասեմ, որ ես հիմա փառաբանում եմ, չնայած այն ինչ-որ տեղ հետադիմական է: Եվ դա այն է, որ տանձն ավելի համեղ է, քան սերը (ազնիվ խոսք):

Խոշոր արցունքներով փոքրիկ աղջիկ, որն ապրում է իրենից փոքրիկ քաղաքում, և որին մեկը սիրում է սիրել.... իսկ նա չգիտի...

Комментариев нет:

Отправить комментарий