пятница, 24 февраля 2012 г.

ՊԱՐԶԱՊԵՍ ՄԵԾԱՑԱՆՔ

Ինչ-որ շատ ժամանակ առաջ, երբ արևի լույսը կուրացնում էր աչքերը, և նրա յուրաքանչյուր  ճառագայթ ուրախացնում էր հոգին` ստիպելով բարձր ծիծաղել ու թաթիկներով ծափահարել… Երբ անձրևի տաք կաթիլները շոյում էին մազերը,  իսկ ծիածանը երկնքում խաղում էր իր գույներով միայն քո համար… Երբ ժպիտները անկեղծ էին, իսկ ասված բառերը չէին ծանրանում հոգուդ վրա… Երբ տխրությունից կամ ցավից  կարող էինք  լացել առանց ամաչելու ու վախենալու, որ կարող ենք հիմար տեսք ունենալ կամ դառնալ անտեսված… Երբ մեզանից յուրաքանչյուրը կարող էր անկեղծորեն զգալ, ոգեշնչված սիրել և մինչև վերջ ատել…Երբ մեզնից յուրաքանչյուրը միշտ գիտեր, թե հատկապես ինչ է ուզում և կարող էր անկեղծ խոստովանել դրա մասին ոչ միայն իրեն, նաև ուրիշներին…Երբ մենք բոլորս միայն ճիշտն էինք ասում` չիմանալով ստել կամ շողոքորթել… Երբ մենք չէինք խճճվում մեր ասածների մեջ և ավելորդ հարցեր չէինք տալիս… Երբ մենք բարձրաձայն  ասում էինք այս աշխարհին և նրա  բոլոր բնակիչներին մեր զգացմունքների ու մտքերի մասին… Երբ մենք կարող էինք երազել, երազել իրապես` հավատալով անիրականին ու հուսալով ամենալավին… Երբ մենք տալիս էինք մեզ և մեր երազները այս կյանքին` ցանկանալով այն դարձնել ուրիշ,  յուրահատուկ կյանք, որտեղ կա ևս մեկ, ոչ պակաս կարևոր և միլիարդավոր ուրիշներին  ոչ նման մի ճակատագիր: Ճակատագիրը, որը կփոխի այս աշխարհը դեպի լավը, հավատալով որ մի քանի տարի անց  կհայտնվի ևս մի տաղանդավոր բժիշկ, ով կփրկի  կյանքեր, կամ հանճարեղ գիտնական, որ կբացահայտի դեղամիջոց քաղցկեղի դեմ, կամ  մի քաջ  հայրենիքին նվիրյալ զինվոր, կամ անթերի մի պարուհի, կամ շնորհաշատ մի պոետ, կամ նոր հանճարներ գեղանկարչության կամ երաժշտության բնագավառում…
Ինչ-որ շատ ժամանակ առաջ այդ հավատը մահացավ, մարեց այն անկեղծ ու մաքուր մարդկանց  հոգում, որ երբևէ մենք եղել ենք: Նրա կրակը հանգեց` տանելով իր հետ այն հեռավոր չիրականացած երազնաքները, թողնելով միայն ցավի ու հիասթափության մի մոխրակույտ…Մոխրագույն չարությունը, պատելով մեր սրտերը ծանր սև մնացուկով, ժամանակի ընթացքում վերածվեց սուր ու չհղկված մի կտոր գրանիտի: Միայն ցավ, դա է ամբողջը, ինչ մնաց ներսում երբևէ եղած  վառ կրակից: Այդ ցավը հոսում էր հարթ ճանապարհներով մեր այտերի վրա, բայց շուտով դա էլ անգամ չմնաց, մենք վերջնականապես մոռացանք, թե ինչպես են լացում: Մենք բոլորս գնացինք մի ուրիշ աշխարհ` առանց սիրո,  երազնաքի ու հույսի, տանելով մեր հետ միայն մի կտոր գրանիտ` կրծքի վրա ծանրացած…
_Ի՞նչ պատահեց մեր բոլորի հետ…
_Մենք բոլորս պարզապես … Մեծացանք:

Комментариев нет:

Отправить комментарий