среда, 14 декабря 2011 г.

Սարդոստայն

Երեկոն սենյակիս պատերին ծուռ ու մուռ ստվերներ է գծում,
Հեռացող քայլերի արձագանք կա դատարկ փողոցում,
Մեկ լսվում են նրանք, մեկ էլ ոչ,
Արդյոք ու՞ր են գնում:
Մենք բոլորս հյուրեր ենք անկոչ այս դատարկ աշխարհում:
Սենյակում, որտեղ ես եմ ապրում,
Կան ուրիշ տարօրինակ էակներ,
Բայց նրանք երբեք չեն խանգարում,
Երբեք չեն խանգարում ինձ ապրել…
Կա մկնիկ, որ շաքար է սիրում և ունի ընտանիք,
Եվ կատու, որը սիրահարվում ու փախչում է տանիք,
Կա մի սարդ, որ սիրում է կախվել փոշոտ առաստաղից
Ու մեկ-մեկ զրուցում է ինձ հետ տանջող հոդացավից:
Երեկոն հուշերիս թևերից սարդոստայն է գործել,
Ես սարդի էդ իմ առաստաղից որոշել եմ կախվել,
Որոշել եմ կախվել հենց այնպես առանց լուրջ պատճառի,
Փաթաթվել հուշերիս թևերին ու ոռնալ կատաղի…
Թե բոլորս հյուրեր ենք անկոչ ու որբեր միայնակ,
Էլ ինչու՞ ենք իրար հալածում ու կրծում շարունակ…
Երեկո… հուշերիս փողոցով իմ անցյալն է անձայն հեռանում,
Եվ նրա հեռացող քայլերից ես մենակ եմ մնում:
Իմ մկնիկը արդեն արթնացել ուտելիք է փնտրում,
Իմ կատուն ինձանից ձանձրացել տանիքում է քնում,
Ժամանակը սարդի պես նայում է մութ անկյունից,
Մեղքերիս թողություն եմ հայցում չգիտես թե ումից:
Հույսերիս կոտրված հայելուց սառնություն է փչում,
Այնտեղից անծանոթ ինչ-որ դեմք անթարթ ինձ է նայում,
Ես գոռում եմ. «Կորի՛ր գարշելի, այդտեղ ի՞նչ ես անում»,
Նա նայում արդեն չարացած և ես ինձ եմ տեսնում…
Երեկո… իմ փոքրիկ սենյակում մի թիթեռ է անվրեջ պտտվում
Եվ նրան իմ սենյակը փոքրիկ մի անվերջ սարդոստայն է թվում…

Комментариев нет:

Отправить комментарий