Ամեն ինչ լավ կլինի, վաղվա օրը իր հետ բարի լուր կբերի, արևը նորից կփայլի, պետք է լավին հավատալ և պետք է ուժեղ լինել….. Էսպիսի լավատեսական արտահայտություններով ու պատմություններով մի ամբողջ գիրք կարելի է գրել։ Բայց այդ գրքի հազարավոր հատորներն էլ այժմ չեն թեթևացնի նրա հոգու ցավը, չեն ցրի նրա աչքերի տխրությունը ու չեն արդարացնի սեփական անզորությունը կատարվելիքի հանդեպ։ Այո, բառերը ոչինչ չեն փոխի, բայց անվերջ ուզում եմ կրկնել դրանք նրա համար…. նրա համար, ով ինքն է սովորեցրել ինձ լինել ուժեղ, ամեն դեպքում չկորցնել հույսը, լավին հավատալ ու ժպտալ։ Եվ հավատալ նաև որ կգտնվեն մարդիկ, ովքեր այդ ժպիտի ներքո կնկատեն հոգու մութ անկյունում ծվարած տխրությունը և կողքիդ կլինեն։ Նա եղել է ինձ համար ուժեղ կնոջ օրինակ ամբողջ կյանքում։ Ուժեղ և միաժամանակ ապակու պես փխրուն ու կանացի։ Այն, ինչ մյուսները կարդացել են գրքերում և կուռք սարքել, ես դրա վառ օրինակն ունեցել եմ իմ առջև։ Հպարտացել եմ….. Հպարտացել ու զայրացել։ Զայրանում էի, որ տեսնում էի նրան արցունքներն աչքերին, որոնք ամեն կերպ փորձում էր թաքցնել, զայրանում էի նրան միայնակ տեսնելով եկեղեցում աղջկա հարսանիքին, զայրանում էի մի ընդհատված կյանքի և մյուսի ոչ լիարժեք կյանքի համար։ Զայրանում եմ և հիմա, երբ կյանքը ստիպում է չհավատալ Աստծո գոյությանը…
Խոստացեք ինձ կապույտ քաղաքներ` դեղին նավերով, խոսող ձկներով… կանաչ ամպերից մի քիչ խոստացեք, աշնանը ծաղկող նարինջ վարդերից մի փունջ խոստացեք… և ես էլ կհավատամ, որ աշխարհում ամեն ինչ արդար է…

Es qez sirum em MAM.... SH
ОтветитьУдалить